Ընդհանուր տեղեկություններ

Հայաստան

Պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը` Երևան (հիմնադրված  Ք.ա. 782 թվականին)
Պետական լեզուն` հայերեն
Պետական կրոնը` Քրիստոնեություն (առաջին պետությունն աշխարհում, որն ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին)
Բնակչության մեծամասնությունը  Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է
Դրամական միավորը` դրամ (1993 թ.ից)
Բնակչությունը` 3 249 500 մարդ (2010)
Տարածքը`  29743  քառ. կմ

                            

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում: Սահմանակից է Վրաստանին, Իրանին, Թուրքիային և Ադրբեջանին: Անկախ հանրապետություն է հռչակվել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:
Հայաստանն ունի հարուստ և հզոր պատմություն: Ըստ ավանդության` անվանումը կապվում է Հայկ Նահապետի հետ, ով համարվում է Հայոց աշխարհի հիմնադիրը: Հայաստանը Բիբլիական երկիր է: Ըստ Աստվածաշնչի` Նոյան տապանը իջել է հայ ժողովրդի համար խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռան գագաթին:

Կլիմա
Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում կլիմայական պայմանների և կլիմայական տիպերի բազմազանությամբ: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արևշատ օրերը: Ամառները շոգ են, ձմեռները` մեղմ և ձնառատ: Այցելելու համար հիանալի ժամանակ է ծաղկաշատ գարունը և գունազարդ աշունը:

Մշակույթ
Հայաստանը հարուստ և բազմազան մշակույթ ունեցող երկիր է: garni
Հայաստանի ողջ տարածքում կարելի է գտնել մոտ 4000 պատմական հուշարձան, որ ընդգրկում են երկրի պատմության տարբեր դարաշրջանները:
Արվեստի ամենատարածված  ձևերից մեկը ճարտարապետությունն է:
Ամենավաղ ճարտարապետական շինությունը, որ հայտնաբերվել է Հայաստանում, էրեբունի ամրոցն է (Ք.ա. 782թ.)։
Հայկական ճարտարապետական կառույցներից են բազմադարյա եկեղեցիները, վանական համալիրները, հուշարձանները և այլն:
Հայ ժողովուրդը երաժշտասեր է և դարեր ի վեր ստեղծել է նրբաճաշակ երկեր:  Հայաստանի ամենանշանավոր և աշխարհահռչակ երաժիշտներից ու երգահաններից են՝ Սայաթ-Նովան, Կոմիտասը և Արամ Խաչատրյանը:
Հայկական գրականությունը բոլոր ժամանակներում կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի մշակութային և ազգային ինքնության մեջ:
Ավելի քան 2000 տարվա պատմություն ունի հայկական թատրոնը: Ինչպես հիշատակում է հույն պատմիչ Պլուտարքոսը Ք.ա. 53թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը: Թատրոնի ավանդույթները շարունակում են պահպանվել մինչ մեր օրերը:
Հայկական մշակույթի կարևոր բաղկացուցիչ տարրերից է նաև նկարչությունը, որը բուռն ծաղկում ապրեց 19-րդ դարում: Խոշոր նկարիչներից են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը…

Խոհանոց

Հայկական խոհանոցը առանձնանում է իր համային հրաշալի համադրություններով:
Ըատ պատմական աղբյուրների՝ հայերը գիտեին խմորման և թխման գործընթացների մասին դեռևս 2500 տարի առաջ։ Շատ հայկական
ճաշատեսակների պատրաստման ավանդույթները մինչ այսօր անփոփոխ են մնացել։ Ամենահամեղ ուտեստներից է հայկական տոլման, որի պատրաստման եղանակները տարբեր են:
Հայկական խոհանոցում իրենց ուրույն տեղն ունեն նաև խաշը, թոնրի խորովածը, ղափաման, սպասը և այլ ճաշատեսակներ:

Արցախ

Պաշտոնական անվանումը` Արցախ կամ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Մայրաքաղաքը` Ստեփանակերտ
Պետական լեզուն` հայերեն
Պետական կրոնը` Քրիստոնեություն
Բնակչության մեծամասնությունը  Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է
Դրամական միավորը` դրամ
Բնակչությունը`  146600 մարդ
Տարածքը`  11458 քառ. կմ

Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն է և կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչել են մասամբ ճանաչված պետություններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը։ Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը, նույնպես ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման կոչ (ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին) պարունակող ռեզոլուցիաներ ընդունել են ԱՄՆ մի քանի նահանգների օրենսդրական մարմինները՝ Ռոդ-Այլենդ,Մասսաչուսեթս, Մեն, Լուիզիանա և Կալիֆորնիա։

Արցախի տարածքը բաժանված է 7 վարչական շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի:
Ըստ արևմտյան պատմաբանների՝ Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի միաձուլման արդյունքում։ Վերջիններս այստեղ են հաստատվել մ.թ.ա. 7-րդ դարում։ Պատմական աղբյուների հավաստմամբ՝ Արցախը մտել է մ.թ.ա. 189թ.-ին հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։

                            

Բնական պայմանները և կլիման
Արցախը ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի առավել բարդ ռելիեֆ ունեցող տարածքներից մեկը: Մակերևույթի բացարձակ բարձրությունների տարբերություն­ները հասնում են մոտ 3700 մետրի:
Արցախի համեմատաբար խոշոր գետը Թարթառն է, որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը: Արցախի գետերից նշանավոր են նաև Խաչենագետը, Իշխանագետը և Հակարին: Արցախի բոլոր գետերի ավազանները հիմնականում անտառապատ են և գեղատեսիլ: Շատ են նաև հանքային աղբյուրները:
Արցախի տարածքի շուրջ 35 տոկոսը ծածկված է անտառներով։ Հաճախ հանդիպում են նաև հին թթաստաններ, իսկ ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։ Դաշտավայրերի կլիման կիսաանապատային է։
Արցախի կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջեր, եղնիկներ, քարայծեր, լուսաններ և այլն։
Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11°C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22°C և +21°C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0°C միջև։

Մշակույթ
Արցախը հանդիսանում է կովկասյան հնագույն քաղաքակրթության օջախներից մեկը և հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ:
Տարբեր քաղաքներում և գյուղերում մինչ մեր օրերը պահպանվել են ավելի քան չորս հազար պատմաճարտարապետական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, ամրություններ, կամուրջներ, խաչքարեր և այլն:
Արցախի մշակութային կենտրոն է հանդիսանում Շուշի քաղաքը, որտեղ դեռևս 1891 թ.-ից բացվել է հայկական թատրոն, գործում են ուսումնական կենտրոններ, թանգարաններ, հրատարակչություններ: Իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը փոքր, մաքուր և կանաչ քաղաք է, որի գեղեցկությամբ հիանում է յուրաքանչյուր այցելու: Քայլելով քաղաքի փողոցներով՝ կարելի է նկատել բազմաթիվ հուշարձաններ՝ կերտված քաղաքի վարպետների կողմից:
Արցախը հայտնի է նաև ճարտարապետական հուշարձաններով, որոնք իրենց մեջ ամփոփում են տարբեր ժամանակաշրջանների գեղարվեստական և պատմական արժեքները:

Խոհանոց
Արցախյան խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են աշխարհագրական, կլիմայական և պատմական գործոններով:
Թերևս ամենահայտնի ուտեստը ժենգյալով հացն է, որը պատրատում են տարբեր տեսակի կանաչեղենից, իսկ գործընթացը մի գեղեցիկ արարողություն է հիշեցնում:
Մեկ այլ ավանդական ճաշատեսակ է կուրկուտը, որը պատրաստում են ցորենից՝  ամբողջ գիշեր եփելով այն խոզի մսի հետ միասին:
Արցախը հայտնի է նաև իր թթի և խաղողի օղիներով, կարմիր, սպիտակ և չոր գինիներով, որոնք պատրաստում են խինդողնի և մուսկաթ տեսակի խաղողից և հատապտուղներից: